Ռեժիսոր Թինաթին Քաջրիշվիլիի «Սուրբ քաղաքացի» ֆիլմը Վրաստանից առաջադրվել է 2024 թվականի «Оսկար» կինոմրցանակի։
Ֆիլմը երգիծական առակ է այն մասին, թե ինչպես է հանքարդյունաբերական քաղաքում սրբի արձանը կենդանանում։ Ըստ ֆիլմի, հանքագործները hանքահոր մտնելուց առաջ մշտապես սրբի առջև խոնարհվում էին, բայց մի օր արձանն անսպասելի անհետանում է, և քաղաքում նոր բնակիչ է հայտնվում։ Անծանոթը մի քանի հրաշք է գործում, և քաղաքի բնակչության մեծամասնությունը սկսում է նրանից տարբեր ծառայություններ պահանջել։
Ֆիլմում սև ու սպիտակ կադրերն օգտագործվում են որպես միջոց՝ ընդգծելու քաղաքի մթնոլորտը և կատարվածի անհեթեթությունը։ Արտասահմանյան կինոքննադատներն արդեն նկատել են բուլղարացի կինոօպերատոր Կրում Ռոդրիգեսի յուրահատուկ աշխատանքը։
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Լևան Բերիկաշվիլին, Գիորգի Բաբլուանին, Մարի Կիտիան և Գիա Բուրջանաձեն։
Ֆիլմը հնարավոր է դիտել սեպտեմբերի 21-ին Բաթումիի կինոփառատոնում։
Նշենք, որ օգոստոսին Ազգային կինոկենտրոնը հայտարարեց ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի հավակնորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ընտրության մասին, իսկ Վրաստանից առաջադրված ֆիլմը հանձնաժողովն ընտրել է գաղտնի քվեարկությամբ։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր