Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։
«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպությունները ներկայացրել են վեցերորդ՝ վերջին կարգավիճակի չափիչը (ստատուսմետր): Ըստ ՀԿ-ների վերջին գնահատականի՝ Եվրամիության կողմից սահմանված 12 պայմաններից.
Ամբողջությամբ կատարվել է
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների ակտիվ դիտարկում:
Մեծ մասամբ կատարվել է
- գենդերային հավասարություն ու կանանց նկատմամբ բռնության դեմ պայքար,
- Անկախ հանրային պաշտպան:
Մասամբ կատարվել է
- ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ,
- անկախ դատարան,
- հակակոռուպցիոն միջոցառումներ,
- կազմակերպված հանցավորության դեմ պայքար,
- լրատվամիջոցներ,
- խոցելի խմբեր,
- քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:
Պետք է կատարվի
- ապաբևեռացում,
- ապաօլիգարխացում:
ՀԿ-ների վերջին գնահատականի համաձայն, իրականացված և իրականացվելիք առաջարկությունները քանակապես նույնն են, ինչ օգոստոսի 1-ին հրապարակված 5-րդ գնահատականում։ Սակայն, ի տարբերություն նախորդ գնահատականի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը մեծ մասամբ կատարվածից անցավ մասամբ կատարված բաժին, իսկ անկախ հանրային պաշտպանի վիճակի գնահատականը մասամբ կատարածից տեղափոխվեց մեծ մասամբ կատարված բաժին։