«Ռուսթավի 2» -ը մարտի 2-ից բողոքի ակցիաներ կանցկացնի Գերագույն դատարանի շենքի մոտ, մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությամբ` ակցիային զուգահեռ` հեռուստաընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով, և ժամը 12:30 — ից եթեր կտրամադրվի ակցիայի բոլոր այն մասնակիցներին, ովքեր խոսելու ցանկություն կունենան.
«Ռուսթավի 2»-ը պատրաստ է ցանկացած զարգացման, այդ թվում պարտության` այս անհավասար եւ անարդար ճակատամարտում` կառավարության և մի մարդու հետ` օլիգարխի, ով խաղում է մարդկանց ճակատագրի եւ երկրի ապագայի հետ: Ռուսթավի 2-ը շարունակում է հեռարձակումը: Ժամը 12:30-ից եթերը բաց կլինի բոլոր ցանկացողների համար, և հեռարձակումը կշարունակվի մինչ երեկո: Այսպես կլինի ամեն օր, մինչև Գերագույն դատարանը վճիռ կկայացնի,- հայտարարել է Նիկա Գվարամիան:
Հիշեցնենք, որ հեռուստաընկերության գործով նիստը Գերագույն դատարանում նշանակված է մարտի 2-ին: