Եվրամիությունը Վրաստանից առաջընթաց է ակնկալում

Եվրամիությունը Վրաստանից առաջընթաց է ակնկալում, լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

«Ընդլայնման հաշվետվության հրապարակմանը մնացել է մոտ 4 շաբաթ, իսկ վերջնական որոշման կայացմանը՝ 3 ամիս։ Մենք Վրաստանին կոչ ենք անում արագացնել մեծ առաջընթացի հասնելու գործընթացը»։

Դեսպանի խոսքով, բոլոր առաջնահերթությունները հավասարապես կարևոր են, սակայն ԵՄ-ն մեծ առաջընթաց է ակնկալում հատկապես ապաօլիգարխացման, դատական համակարգի բարելավման և լրատվամիջոցների ազատության վերաբերյալ։

«Եվրահանձնաժողովը գնահատել է, որ նշված 12 առաջնահերթություններից 3-ն արդեն իրականացվել են։ Առաջընթաց կա և գնահատումը կարվի մեկ ամսից։ Մենք հույս ունենք, որ բոլորը կներգրավվեն, կաշխատեն լավագույն արդյունքի հասնելու համար։ Ընդլայնման զեկույցը կհրապարակվի հոկտեմբերի կեսերին, որից հետո որոշում կընդունեն Եմ անդամ 27 երկրները, քաղաքական ամենաբարձր՝ վարչապետների և նախագահների մակարդակով հանդիպումներ կանցկացվեն, իսկ դեկտեմբերի վերջին որոշում կկայացվի», — նշել է դեսպանը։

Հասմիկ Պետրոսյան, «Ալիք Մեդիայի» ստաժոր