Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ սկսած պաշտոնանկության գործընթացը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդը Հանրային հեռարձակողի եթերում Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել՝ հաղթահարել բևեռացումը և սկսել աշխատել ԵՄ-ի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացման վրա, քանի որ հնարավորությունների պատուհանը դեռ բաց է, և շատ ժամանակ չի մնացել հոկտեմբերին, երբ կհրապարակվի Եվրահանձնաժողովի զեկույցը:
Ինչպես նշել է Կալիուրանդը, ստեղծված իրավիճակը լի է մարտահրավերներով։
«Ես գիտեմ, որ ոչ բոլոր առաջնահերթություններն են կատարվել, և միևնույն ժամանակ մենք լսում ենք նախագահի պաշտոնանկության մասին լուրերը, լսում ենք լուրեր, որ Թբիլիսին սկսել է դեպի ՌԴ թռիչքներ, եթե ամեն ինչ միասին դիտարկենք, ապա ներկա իրավիճակը լի է մարտահրավերներով,- ասել է Կալիուրանդը։
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Սվեն Միքսերը նշել է՝ ինչպես «գործակալների մասին» օրենսդրական նախաձեռնությունը, այնպես էլ Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը «Եվրոպայում շատերի համար անսպասելի իրադարձություն դարձավ»։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։
Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է եղել փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։ Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել է խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավոր։
«Վրացական երազանքը» սկսել է նախագահի պաշտոնանկության ընթացակարգը, քանի որ, ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։