«Այսօրվա ստորագրման արարողությունը պատմական իրադարձություն է ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրոպայի քաղաքացիների համար»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի կողմից Վրաստանի հետ այցագրային ռեժիմի չեղարկման հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Մարիա Գաբրիելը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից մարտի 1-ին ստորագրված ԵՄ-Վրաստան առանց վիզային ռեժիմի համաձայանագրին։
«Առաջին հերթին սա Վրաստանի իշխանությունների ու քաղաքացիների կողմից ներդրած մեծ կամքի պաշտոնական ճանաչումն է: Սա հիանալի մի ազդակ է, որ խոսում է մեր գործընկերության զարգացման մասին: Եվրախորհրդարանն այսօր շատ պարզ արտահայտեց Վրաստանի հանդեպ իր աջակցությունը: Վրաստանը Արևելյան հարևանության մեր գլխավոր գործընկերներից մեկն է։ Եկեք միասին քայլենք միասնական եվրոպական ճանապարհով՝ կիսելով ու ուժեղացնելով մեր մշակութային արժեքները, տնտեսական ու քաղաքական կապերը»,-հայտարարել է Մարիա Գաբրիելը:
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանում այսօր հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Վրաստանի հետ ազատ մուտքի ստորագրումը, որին մասնակցել է նաև Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: Այսպիսով որոշման հրապարակումից հետո 20-օրյա ժամկետում Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց մուտքի վիզայի կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ: