Իրականում Բիձինան իմպիչմենտի է ենթարկում Վրաստանի եվրոպական ապագան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան:
Ընդդիմադիր գործիչը «շնորհակալություն է հայտնում Բիձինային (նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին- խմբ.) «խաղաղության» համար»»:
«Հոկտեմբերի վերջին Վրաստանը սպասում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ գնահատականին։
Մինչդեռ իշխանությունը ցանկանում է նախագահի իմպիչմենտը, ընդդիմությունը պահանջում է վարչապետի իմպիչմենտը…», — գրել է Գախարիան։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիին Վրաստանի կառավարությունը մերժել էր երկրի եվրաինտեգրմանն աջակցող եվրոպական շրջագայությունը, սակայն Զուրաբիշվիլին մեկնել էր Գերմանիա, Բրյուսել և Ֆրանսիա ու հանդիպումներ ունեցել մի շարք գործընկերների հետ:
Նախագահի «անհնազանդության» համար իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը Զուրաբիշվիլիի իմպիչմենտի ընթացակարգ է սկսել: