Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱԳՆ-ը չի ճանաչում նախագահական ընտրությունները Ղարաբաղում։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում, այսպես կոչված՝ նախագահական ընտրությունները Ղարաբաղում, որոնք կայացել են 2023 թվականի սեպտեմբերի 9-ին», — նշված է ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց։
Ավելի ուշ՝ Արցախի Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ, իսկ այսօր նա ստանձնել է պաշտոնը։
Ընտրությունից ժամեր անց Բաքուն կոչ արեց միջազգային համայնքին դատապարտել Արցախի նախագահի ընտրությունը:
Եվրամիությունը ևս հայտարարել է, որ չի ճանաչում Ստեփանակերտում անցկացված նախագահական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը։