Երկու ազգերի կամուրջ անփոփոխ,
Հայ բառ ու բանի հուսալի կրող,
Արարումն ես դու բազում գործերի,
Հրաշագործ մտքի հավերժ տիրուհի․․․
Վիրահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանն այսօր կդառնար 74 տարեկան։
Վաղամեռիկ բանաստեղծուհին իրեն բնութագրում էր՝ «ես ամենուր եմ»։ Կյանքի այս կարգախոսով էլ ապրում էր Բոստանջյանն՝ ընտանիքում և ընտանիքից դուրս: Մահվանից հետո էլ հրապարակվել Անահիտ Բոստանջյանի «Ես ամենուր եմ» ժողովածուն։
Բոստանջյանը շատ բան հասցրեց անել՝ թողնելով հարուստ գրական ու մտավոր ժառանգություն, որոնք վաղուց արդեն բոլորինն են: Շատ բան էլ կիսատ թողեց՝ թարգմանություններ, անավարտ էջեր ու մտքեր, «Կամուրջը», որ հարազատ մանկան նման էր սիրում: Սիրված բանաստեղծուհու մահից հետո նրա մտքերը վերաիմաստավորվում են, գործերը նոր կյանք ստանում:
Գրող ու ընթերցող Բոստանջյանը Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու ավանդույթը Վրաստան բերեց, իսկ հայտնի «Կամուրջը» նրա այցեքարտն էր: Տարեգրքի մասին առաձնակի սիրով էր պատմում. «Մերձեցնել, կամրջել վիրահայ ու վրաց գրականություններն` ահա «Կամուրջի» առաքելությունը: Կամուրջներն, ի վերջո, առաջին հերթին միավորելու, միացնելու, իրար կապելու առաքելություն ունեն»:
2017-ի հունվարի 8-ի գիշերը վիրահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը ֆեյսբուքում արեց իր վերջին հրապարակումը՝ գրելով. «սա իմ վերջին գրառումն է ֆեյսբուքում», թեև երեք կետից հետո նշել էր «այս թեմայով», սակայն դա իսկապես վերջինը եղավ:
Բոստանջյանն ամփոփված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում։