Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը հավատարիմ է այն երդմանը, որը տվել է նախագահի պաշտոնում երդմնակալության ժամանակ: Ըստ նախագահի՝ ամեն ինչ անելու է երկրի եվրաինտեգրմանը նպաստելու համար։
«Իմ հրաժարականի երազանքը բոլորը պետք է մոռանան: Ես այստեղ եմ, որտեղ որ հիմա եմ, բայց ես ամեն տեղ կգնամ, որտեղ անհրաժեշտ է, որ գնամ` կգնամ։ Որովհետև սա իմ սահմանադրական բարձրագույն պարտավորությունն է։ Ես պաշտպանելու եմ Սահմանադրությունը: Ես դա համարում եմ իմ բարձրագույն և առաջին պարտավորությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանը երբեք չի վերադառնա Ռուսաստանի ոտքերի տակ։
«Սա այն է, ինչը մենք միասին պետք է պաշտպանենք: Մենք միասին պաշտպանեցինք, դուք պաշտպանեցիք, իսկ ես սատարեցի ձեզ մարտի 8-ին: Սա կլինի մեր միասնական, շարունակական երթը, մինչև մենք անցնենք փորձությունները և հասնենք այնտեղ, որտեղ Վրաստանի տեղն է։ Վստահ եմ, որ բոլորս միասին ենք այդ հարցում, և եթե կառավարությունը հասկանա ու հարմարվի դրան, շատ լավ կլինի, եթե` ոչ, գուցեև դրանից կախված կլինի նրա ապագան»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիին Վրաստանի կառավարությունը մերժել էր երկրի եվրաինտեգրմանն աջակցող եվրոպական շրջագայությունը, թեև Զուրաբիշվիլին մեկնել էր Գերմանիա, Բրյուսել և Ֆրանսիա, հանդիպումներ ունեցել տարբեր գործընկերների հետ:
Նախագահի «անհնազանդության» համար իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգ է սկսել: