Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ժոզեպ Բորելը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ասել է, որ նախագահի իմփիչմենթի հարցը էլ ավելի կսրի իրավիճակը։
Այս մասին Բորելը խոսել է Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում։
«Նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է, որն էլ ավելի կսրի իրավիճակը և կխթանի բևեռացումը: Բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն և աջակցեն երկրին եվրոպական ճանապարհին: Վրաստանն ունի այս գործընթացում հաջողության հասնելու ներուժ։ Դուք ունեք ուժեղ վարչակազմ, ունեք աշխույժ քաղաքացիական սեկտոր, ձեզ հարկավոր է համագործակցել այս պատմական պահին»,- ասել է Բորելը:
Նշենք, որ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը։ Այս մասին սեպտեմբերի 1-ին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ Կոբախիձեի՝ պատճառը Սալոմե Զուրաբիշվիլիի արտասահմանյան պաշտոնական հանդիպումներն են․ Վրաստանի կառավարությունը նրան դրա իրավունքը չի տվել։ Զուրաբիշվիլիի պարզաբանմամբ, սակայն, ինքը հանդիպումների է գնացել՝ հեշտացնելու նպատակով Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացը։
Իմփիչմենթն ընթացակարգ է, որով երկրի օրենսդիր մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրում կառավարության բարձրագույն պաշտոնյաներին։ Նախագահի իմփիչմենթի համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի աջակցությունը։ Խորհրդարանական մեծամասնությունում, սակայն, 100 պատգամավոր չկա, հետևաբար միայն մեծամասնությունը չի կարողանա նախագահին իմփիչմենթի ենթարկել։