«Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն արժանի է Եվրամիության ընդլայնման քաղաքականության մեջ ընդգրկվելու։
«Ես կարծում եմ, որ Հայաստանը, հայ ժողովուրդը և նրա կարկառուն առաջնորդ Փաշինյանն արժանի են ԵՄ ընդլայնման քաղաքականության մեջ ընդգրկվելու։ Կանցլեր Շոլցի «ԵՄ-ն Լիսաբոնից Թբիլիսի» աշխարհաքաղաքական նոր բանաձևը պետք է ընդլայնել այսպես` «ԵՄ-ն Լիսաբոնից Երևան»։
Հիշեցնենք. երեք ամիս առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհեց «Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային։
2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեի որոշմամբ՝ Գվարամիան մեղավոր էր ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։
Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռևս 2019 թվականի ամռանը. այդ ժամանակ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում է «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առևտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ»։
2019 թվականից հետո Գվարամիան լքեց «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձավ իշխանական:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Գվարամիայի ազատազրկմանն անդրադարձան մի շարք կազմակերպություններ և քաղաքական գործիչներ: