«Վրաց հայրենասերների դաշինք»-ը կբոյկոտի խորհրդարանի արտահերթ նիստը, որում քննարկման է դրվելու գաղտնի ձայնագրությունների մասին օրինագիծը:
Կուսակցության ղեկավարներից Իրմա Ինաշվիլին հայտարարել է՝ «Վրաց հայրենասերների դաշինք»-ը դեմ է փաթեթին: Նրա խոսքով, իշխող «Վրացական երազանք»-ը հաշվի չի առնում իրենց առաջարկությունները, հետևաբար նրանք նիստին մասնակցելու իմաստ չեն տեսնում:
«Մեր առարկությունները չեն կիսում: Մեծամասնությունը միևնույնն է այնպիսի մի տարբերակ է ընտրելու, որն առաջին հերթին իրեն է ձեռք տալիս: «Միացյալ ազգային շարժում»-ն էլ ընթացակարգային պատերազմ կհայտարարի, մենք չենք ուզում մասնակցել այս ներկայացմանը»,- նշել է Ինաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի նախագահի հրամանի համաձայն՝ մարտի 1-ին խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի: Նիստի օրակարգում կընդգրկվի միայն գաղտնի ձայնագրությունների մասին օրինագծի քննարկումը: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ օրինագիծը երրորդ ընթերցմամբ կընդունվի։
Փետրվարի 24-ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ 84 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ փոփոխությունների փաթեթին:
Փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում կբացվի օպերատիվ-տեխնիկական գործակալություն, որտեղ կգտնվեն գաղտնի վերահսկողության այսպես ասած բանալիները: