Ձմռանն առանց անվաշղթաների կամ ձմեռային անվադողերի մեքենա վարելու համար վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն: Սրա մասին են վկայում Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։
Օրենսդրական առաջարկը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), և խորհրդարանում առաջարկի քննարկումը նախատեսվում է 2023 թվականի աշնանային նստաշրջանում։
Մասնավորապես, ինչպես նշված է գերատեսչության նախաձեռնության մեջ՝ Վրաստանի գործող օրենսդրությունը չի կարգավորում սահող ճանապարհով երթևեկելիս ձմեռային անվադողեր կամ անվաշղթաներ կիրառելու վարորդի պարտավորությունը։ Ճանապարհի առանձին հատվածներում նշված կանոնակարգի բացակայությունը առաջացնում է երթևեկության ուշացումներ և ավելացնում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
«Նշված իրավախախտումը կատարելու դեպքում ոստիկանությունն իրավասու է սահմանափակել վարորդի երթևեկությունը որոշակի գոտիներում/ճանապարհային հատվածներում»,- նշված է ՆԳՆ օրենքի նախագծում։