Վրաստանյան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) քննադատում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտը նախաձեռնելու համար։ ՀԿ-ների կարծիքով, այս քայլը հարձակում է Եվրամիությանն անդամակցելու երկրի ձգտումների վրա:
Նրանք ընդգծում են՝ Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը պարտավորեցնում է թե՛ նախագահին, թե՛ կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները երկրի եվրաինտեգրումն ապահովելու համար։
«Տագնապալի է, որ կառավարությունը ոչ միայն անտեսում է սեփական պարտավորությունը, այլև խոչընդոտում է Վրաստանի նախագահին՝ սահմանադրական մարմնին, իրականացնել մեր պատմական ընտրությունը»,- նշել են ՀԿ-ները:
Ըստ նրանց՝ հենց եվրաինտեգրմանը խոչընդոտող գործողություններն են Սահմանադրության խախտում. «Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք Վրաստանի կառավարությանը՝ Եվրամիությանն ինտեգրվելու վրաց ժողովրդի անկոտրում կամքի մասին և կոչ ենք անում դադարեցնել եվրաինտեգրման գործընթացին վնաս հասցնել՝ նախագահի իմպիչմենտի ընթացակարգի տեսքով»: