Վրացական «Ռեզոնանսի» թերթն անդրադառնալով Վրաստանի տարածքով այլընտրանաքային ճանապարհների վերագործարկման հարցին, գրում է․ «Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Լարսին այընտրանք լինելու է, հարցը Թբիլիսիում բուռն քննարկումների առիթ է դարձել»:
Թերթը հիշեցնում է, որ այսօր որպես այլընտրանքային ճանապարհ դիտարկվում է աբխազական երկաթգիծը։ Լրատվամիջոցը գրում է նաև, որ ՀՀ վարչապետի Վրաստան կատարծ այցից ու հայտարարությունից հետո, երկրի ընդդիմությունը դավաճանության մեջ է մեղադրում իշխանություններին, իսկ վերջինս հերքում է երկաթգծի վերագործարկման շուրջ տարածված լուրերը:
«Աբխազական երկաթգծի վերագործարկման դեպքում կբացառվի Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Այդ քայլը ձեռնտու է միայն Ռուսաստանին ու անջատողականներին»,-թերթի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Ռուռուան:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խորհրդական Գիա Խուխաշվիլին գտնում է, որ այլընտրանքային ճանապարհ կարող է լինել ծովային ուղին, կամ հենց երկաթգիծը, որը անցնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքով:
«Երկաթգիծը շատ կարևոր է Հայաստանի համար, այդ իսկ պատճառով նրանք բոլոր հանդիպումներում փորձում են հարցի շուրջ բանակցություններ սկսել: Սակայն դա չի նշանակում, որ Վրաստանը մասնակցում է այդ բանակցություններին: Իմ կարծիքով, պետք չէ բերանը ջուր առնել (Վրաստանի իշխանություններին նկատի ունի, խմբ․ ): Պետք է խոսել բոլորի հետ՝ ելնելով միայն Վրաստանի ազգային շահերից: Մենք պետք է պահանջենք, որ տնտեսական սահմանն անցնի Փսոու գետի վրայով: Եթե պայմանականորեն Ռուսաստանն ու Աբխազիան համաձայնել են, ապա ինչու հարցը չքննարկենք․․․»,- թերթին տված հարցազրույցում ասել է Խուխաշվիլին: