Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող իսրայելցի գործընկեր Ամիր Օհանայի հետ կայացած մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ 2024 թվականին կմեկնարկեն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները, ինչն էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում։
Պապուաշվիլին ասել է՝ Օհանայի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցերը տնտեսական, զբոսաշրջության, անվտանգության և այլ ուղղություններով։
«Իսրայելի հետ բարեկամության խումբը մոտ մեկ ամիս առաջ այցելեց Իսրայել և մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցավ Իսրայելի պաշտոնյաների հետ։ Մենք պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը։
Հանդիպմանը խոսվել է նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների մասին։ Մենք կայունություն և խաղաղություն ենք մաղթում Իսրայելին և ընդհանրապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանին։ Շնորհակալ եմ իմ գործընկերոջը այցի, ինչպես նաև համագործակցությունն ու բարեկամությունը խորացնելու պատրաստակամության համար»,- ասել է Պապուաշվիլին։