Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի գրասենյակի փոխանցմամբ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) 2023 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանում նախաձեռնված աղմկահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» երկու օրենքների նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացություն է պատրաստել:
Ըստ օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բացասական է գնահատել նշված նախաձեռնությունները։ Հրապարակված փաստաթղթում շեշտը դրված է հիմնական իրավունքների վրա, որոնց վրա օրինագծերի ընդունումը բացասաբար կանդրադառնան:
«Հանրությանը հայտնի է, որ սոցիալական բուռն բողոքի արդյունքում Վրաստանի խորհրդարանում նշված օրինագծերի քննարկումը չշարունակվեց, դրանցից մեկը կասեցվեց, իսկ մյուսը երկրորդ ընթերցմամբ տապալվեց։ Այնուամենայնիվ, ելնելով հարցի կարևորությունից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը շարունակեց աշխատել եզրակացության վրա և ներկայացրեց մարդու իրավունքների չափանիշների և խնդրին առնչվող առաջարկությունների լայն ակնարկ:
Եզրակացությունը նաև վերանայում է ԱՄՆ-ի և Ավստրալիայի օրենսդրությունը: Ընդգծվում է, որ դրանք սկզբունքորեն տարբեր դեպքեր են, բոլորովին այլ նպատակ ու մասշտաբ ունեն, ինչի պատճառով էլ վրացական տարբերակը նրանց հետ համեմատելի չէ»,- նշված է գրասենյակի տարածած տեղեկության մեջ։
Ի դեպ, «Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Աղմկահարույց օրինագծերը տապալվեցին և խորհրդարանից հետ կանչվեցին հասարակության կողմից բարձրացրած աղմուկի և բազմահազարանոց ակցիաների ֆոնին: