Բողոքի ակցիա Վրաստանում Ադրբեջանի դեսպանության գործողությունների դեմ

«Վրաստանի հայ համայնք» հասարակակական կազմակերպության նախաձեռնությամբ` փետրվարի 27-ին բողոքի ցույց էր կազմակերպվել։ Կազմակերպության բնորոշմամբ ցույցը կազմակերպվել էր Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան կողմից իրականացվող սադրանքները կանխելու նպատակով։

Կազմակերպության ակտիվիստները` նախ հավաքվեցին Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի հարակից տարածքում, այնուհետեւ Վրաստանի եւ «Վրաստանի հայ համայնք»-ի դրոշներով, ինչպես նաեւ Ալիեւի ծաղրանկարներով երթով շարժվեցին դեպի Վրաստանի արտաքին գործերի նախարարության շենք: Այստեղ կազմակերպության անդամները դիմեցին արտաքին գերատեսչության ղեկավարությանը` կոչ անելով ուշադրություն դարձնել եւ կանխել Ադրբեջանի դեսպանատան կողմից հրահրվող սադրանքներին եւ հայատյացության քարոզչությունը:

«Վերջ պանթուրքիզմին», «Կա՛նգ առ, Ալիեւ», «Պաշտպանիր Վաստանը» կոչեր էին հնչեցնում ակցիայի մասնակիցները: Ակցիայի ավարտին կազմակերպության ներկայացուցիչները դիմում փոխանցեցին Արտգործնախարարության ընդունարան, որում մասնավորապես նշված է.

«Մենք անընդունելի ենք համարում այն հաստատված իրականությունը, որի շրջանակներում` մի կողմից արտասահմանյան պետության դեսպանատունը մեր երկրում իրականացնում է երկրի քաղաքացիների տարբեր խմբերի միջև ատելության բորբոքելուն ուղղված ծրագիր, մյուս կողմից՝ պետությունը, որի քաղաքացիներն ենք մենք, պետությունը, որը պարտավոր է թույլ չտալ կոնֆլիկտի բորբոքում և աշխատել հանուն կայունության պահպանման, փաստացիորեն չի նախաձեռնում ոչ մի իրական քայլ` Ադրբեջանի դեսպանատան վտանգավոր գործունեությունը կանխելու համար։

Դիմում ենք խնդրանքով՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում ձեռնարկել հստակ քայլեր և արգելել ռազմավարական գործընկեր անունը կրող Ադրբեջանին նախաձեռնել և Վրաստանի տարածքում միջոցառումներ իրականացնել՝ ուղղված մեր պետության քաղաքացիների տարբեր խմբերի միջև ատելության բորբոքմանը»,- նշված է դիմումի մեջ:

sandro
«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամ Սանդրո Օհանյան

«Դեմ ենք հանդես գալիս Վրաստանի լռությանը` ադրբեջանական դեսպանատան կողմից  բացեիբաց իրագործվող միջոցառումներին: Ադրբեջանական դեսպանատունը, խախտելով միջազգային իրավունքը, փորձում է սադրել այստեղ բնակվող ադրբեջանցիներին եւ մեր վրացի համաքաղաքացիներին ներքաշել այս գործընթացի մեջ: Նրանց նպատակը այս երկրում հայատյացություն տարածելն է։ Այս տեսանկյունից ջանք չի խնայվում, որպեսզի ղարաբաղյան հակամարտության եւ Աբխազիայի հարցերի միջեւ հավասարություն դրվի, գործընթաց, որը բնականաբար կապ չունի իրականության հետ: Կոչ ենք անում Արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի դեսպանատան կողմից պետության եւ միջազգային օրենքների խախտման վերաբերյալ»:

levon
Լեւոն Չիդիլյան  «Հայարտուն» կենտրոնի տնօրեն

«Եթե հետեւենք վերջին ժամանակներում տեղի ունեցող միջոցառումներին` այսպես կոչված Խոջալուի դեպքերի հետ կապված, այդ ամբողջի ետեւում կանգնած էր Ադրբեջան պետությունը` նրանց դեսպանության գլխավորությամբ: Սա օրենքի կոպիտ խախտում է, այն է` միջամտություն այլ պետության գործերի մեջ: Այդ ամենը լկտիաբար է արվում, այս կերպ Ադրբեջանը դառնում է  այս պետության տերը»:

Լեւոն Չիդիլյանը նշեց նաեւ, որ նմանատիպ բովանդակություն պարունակող նամակ է ուղարկվել նաև Վրաստանի վարչապետին` Վրաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների կողմից՝ ուղերձով, որպեսզի կանխվի ընտրողաբար մոտեցումը:

Թողնել պատասխան