Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ:
Զուրաբիշվիլին գրել է՝ ագրեսոր և օկուպանտ Ռուսաստանը պատերազմից 15 տարի անց շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքները։ Նախագահի խոսքով, Վրաստանը կպաշտպանի իր եվրոպական ուղին։
«Ռուսաստանը ագրեսոր և օկուպանտ է: 2008 թվականի պատերազմից 15 տարի անց նա դեռ զբաղեցնում է մեր տարածքի 20 տոկոսը և խախտում բոլոր սկզբունքները։
Վրաստանը կպաշտպանի իր եվրոպական ուղին, խաղաղ ճանապարհով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը և հաստատակամ կլինի ապակայունացման ցանկացած փորձի դեմ»,- գրել է Զուրաբիշվիլին:
Ի դեպ, երեկ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:
Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեղավոր համարելու ձգտմամբ:
Ուշագրավ է, որ բացի Վրաստանի արտաքին գործերի նախարարարությունից, մյուս պետական կառույցները սոցցանցերում իրենց էջերի լուսանկարները փոխարինել են «Օգոստոսի 8» լուսանկարով, իսկ ԱԳՆ-ն պատերազմի վերաբերյալ հայտարարությունը տարածել էր օգոստոսի 7-ին:
Երեկ՝ օգոստոսի 7-ին, պատերազմի վերաբերյալ հայտարարություններ են արել Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում Ամերիկայի դեսպանատունը և այլք: