Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվն այս պահի դրությամբ (ժամը 12:00) հասել է 18-ի։
Տեղեկությունը հաստատում է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
ՆԳՆ-ի տեղեկությամբ, գիշերը հատուկ լուսավորության կիրառմամբ, շարունակվել են որոնողական աշխատանքները՝ արտակարգ ռեժիմով: Նշենք, որ նախորդ օրերի ընթացքում գիշերվա ժամերին տեղում չեն աշխատել:
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, աղետի գոտում կորածների թվում 7-8 երեխա կա։ Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ ընհանուր առմամբ փնտրում են 18 մարդու։
Շովիում այսօր առավոտից վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որում ներգրավված են պաշտպանական ուժերը։ Բացի փրկարարներից, տեղում են նաև որոնվող անձանց մտերիմներն ու կամավորները: Զոհվածներից յոթի ինքնությունը հայտնի է։
Այս պահին աղետի գոտուց 210 մարդ է տարհանվել։ Շովիում տեղի ունեցած ողբերգությամբ պայմանավորված օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։
Հիշեցնենք՝ գոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։