Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ դի է հայտնաբերվել։ Դին հայտնաբերելու լուրը հաստատել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Սա այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտնաբերված երրորդ դին է։ Այս փուլում Շովիում հայտնաբերվել է աղետի հետևանքով զոհվածների 14 դի (ժամը 16։20-ի դրությամբ)։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, աղետի գոտում այս պահին որոնվում է 20 մարդ։
Շովիում այսօր առավոտից վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որում ներգրավված են պաշտպանական ուժերը։ Բացի փրկարարներից, տեղում են նաև որոնվող անձանց մտերիմներն ու կամավորները: Զոհվածներից վեցի ինքնությունը հայտնի է։
Այս պահին աղետի գոտուց 210 մարդ է տարհանվել։ Շովիում տեղի ունեցած ողբերգությամբ պայմանավորված օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։
Հիշեցնենք՝ գոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։