Օգոստոսյան պատերազմից 15 տարի անց էլ ռուսական քարոզչությունը ստիպում է մեզ հավատալ, որ պատերազմը սկսվել է օգոստոսի 8-ին։ Ռուսական այս նարատիվը ծառայում է պատերազմ սկսելու համար Վրաստանին մեղադրելուն, գրում է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը:
Ըստ շարժման՝ իրականում, Ռուսաստանն օգոստոսյան պատերազմին սկսել է նախապատրաստվել տարիներ առաջ: Ռուսաստանը կազմակերպեց տնտեսական, էներգետիկ և ռազմական սադրանքներ, իսկ 2008 թվականի օգոստոսի 1-ից օկուպանտները հարձակումներ սկսեցին Ցխինվալիի շրջանում։ Պաշտոնապես պատերազմը սկսվեց օգոստոսի 7-ին, երբ ռուսական բանակը ներխուժեց Վրաստանի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածք։
«Սիրցխվիլիա»-ն կոչ է անում չտարածել ռուսական քարոզչություն: Ստորև ներկայացնում ենք շարժման նախաձեռնությունը, որով «Սիրցխվիլիա»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 1-ից պատմում են պատերազմի ժամանակագրության մասին:
«Ալիք Մեդիա»-ն ամենօրյա ռեժիմով նյութի թարմացմամբ կներկայացնի պատերազմի ժամանակագրությունը:
Օգոստոսի 1
2008 թվականի օգոստոսի 1-ին Վրաստանի կողմից վերահսկվող Էրեդվի-Խեիթի շրջանցիկ ճանապարհին օկուպանտները պայթեցրել են վրացի ոստիկանների մեքենան, ոստիկաններից 5-ը ծանր վիրավորվել են։ Ամբողջ գիշեր ռմբակոծվել են Զեմո Նիքոզի, Քվեմո Նիքոզի, Ավնևի, Նուլի, Էրեդվի և Զեմո Փրիսի գյուղերը:
Վրացական կողմի պատերազմին միանալուց մեկ շաբաթ առաջ օկուպացիոն ուժերն արդեն ակտիվ ռազմական գործողություններ էին իրականացնում:
Օգոստոսի 2
2008 թվականի օգոստոսյան պատերազմը լավ էր ծրագրված և նախապատրաստված Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այդ մասին է վկայում օգոստոսի 2-ին օկուպացիոն ուժերի կողմից Ցխինվալիի շրջանից խաղաղ բնակչության տարհանումը, որն ավարտվել է օգոստոսի 6-ին՝ պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ։
Ռուսաստանը նախապես գիտեր պատերազմի մեկնարկի ամսաթիվը և հետևողական քայլեր էր ձեռնարկում դրա համար։
Օգոստոսի 3
Օգոստոսի 3-ին վրացական հետախուզության տվյալներով՝ 58-րդ ռուսական բանակի հետախուզական ստորաբաժանումները մտել են Ջավա։
Վրացական գյուղերի վրա հարձակումները չեն դադարել, սակայն հետախուզական խմբերի մուտքը Վրաստան հաստատում է, որ ռուսական բանակը տեղեկատվություն էր հավաքում հաջորդ ռազմական գործողությունների համար:
Օգոստոսի 4
Ռուսաստանից մատակարարվող ռազմական տեխնիկան տեղացի անջատականներն օգտագործել են վրացական գյուղերի և ռազմական դիրքերի վրա գրոհելու համար։
Վստահված ռեժիմի առաջնորդ Էդուարդ Կոկոիթին ասել է, որ Հյուսիսային Օսիայից ակնկալում է ընդհանուր առմամբ 2 000 կամավոր։
Օգոստոսի 5
Օգոստոսի 5-ի երեկոյան ժամը 01:30-ից մինչև 5:30-ը օկուպացիոն ուժերը անդադար կրակ են բացել վրացի խաղաղապահների ուղղությամբ, ինչը խաղաղության պայմանագրի կոպիտ խախտում էր։
Ավնևի գյուղի բնակիչները լրագրողներին ասել են, որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է, և իրենք ոչ մի տեղ չեն կարողանում ապաստան գտնել։
Օգոստոսի 6
Պատերազմին նախորդող օրերից օգոստոսի 6-ն ամենալարվածն էր։ Օկուպացիոն ուժերը ողջ օրվա ընթացքում գրոհել էին Վրաստանի տարածքը։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 6-ին Ցխինվալիում բոլոր խանութներն ու գրասենյակներն արդեն փակ էին։ Այդ օրը Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի ղեկավարությունն ուղարկվել էր Վրաստանի օկուպացված տարածք՝ Ջավա, իսկ նախկին Լենինգրադի ռազմական օկրուգի ղեկավարները՝ Կոդորի հովիտ։
Օգոստոսի 6-ին Ռուսաստանն արդեն ավարտել էր պատերազմի նախապատրաստությունը։
Օգոստոսի 8
Օգոստոսի 8-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը 63 հարձակում են իրականացրել Վրաստանի դեմ։
Կրեմլը հայտարարեց, որ պատերազմ է վարում Վրաստանում՝ «իր քաղաքացիներին պաշտպանելու համար»։ Մինչև 2008 թվականը Ցխինվալիի շրջանում ռուսական անձնագրեր են տրամադրվել մոտ 100 հազար մարդու։