Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի խոսքով, Բաթումիի իրադարձություններից ամենաշատը տուժել է ոստիկանությունը։
Ըստ նախկին վարչապետի՝ ոստիկանները մի կողմից պետք է կատարեին իշխող «Վրացական երազանքի» հրահանգը, մյուս կողմից՝ հանդուրժեին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անհիմն քննադատությունը։
Գախարիան ասել է, որ այս երկու ուժերը կերակրում են միմյանց, և լուծումն այն կլինի, որ ընտրություններում երկուսն էլ չկարողանան հաղթահարել 50 տոկոսի շեմը։
«Բաթումիում տեղի ունեցող զարգացումները ոչ մի կապ չունեն զբոսաշրջության հետ։ Ոչ ոք դեմ չէ զբոսաշրջությանը: Մեր ոստիկաններն ամենավատ վիճակում հայտնվեցին այստեղ։ Մի կողմից իշխանությունները ոստիկանությանը ստիպում են պաշտպանել Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք ասում են, որ խախտել են օկուպացիոն օրենքը, որոնց կարծիքով` Վրաստանն է եղել ագրեսորը, և իրենք չեն ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը, իսկ մյուս կողմից՝ նույն ոստիկանությունը ստիպված է դիմանալ այս հիմար ՄԱՇ-ի հարձակումներին»,- ասել է Գախարիան։
Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումիի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը:
Հուլիսի 31-ի լուսադեմին ASTORIA GRANDE-ն հերթական անգամ Վրաստան է բերել ռուս զբոսաշրջիկների։ Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև պատերազմի կողմնակիցներ և պուտինամետ ակտիվիստներ:
Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությանը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:
Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։