Թբիլիսին կարևորում է «Միջին միջանցքի» զարգացումը. Ղարիբաշվիլին՝ Ղազախստանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկշաբաթյա պաշտոնական այցից հետո մեկնել է Ղազախստան: Ալմաթիի միջազգային օդանավակայանում դիմավորման արարողությունից հետո Ղարիբաշվիլին հանդիպել է իր գործընկեր Ալիխան Սմայիլովին։

Հանդիպմանը Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է «Միջին միջանցքի» զարգացումը: Վարչապետը հայտնել է նաև, որ Չինաստան կատարած այցի ընթացքում խոսել է Ղազախստանի հետ համատեղ մշակված ծրագրի մասին, որն առնչվում է տարանցիկ այս ուղղությանը:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում «Միջին միջանցքի» զարգացմանը, որի համար արդեն մշակած ծրագիր ունենք։ Անցյալ տարի մենք ստորագրեցինք նաև համապատասխան ուղեցույցը, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեզ և այս միջանցքի զարգացման համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի՝ «Միջին միջանցքի» հետ կապված Վրաստանի և Ղազախստանի հավակնոտ ծրագրերը նոր զարգացող ժամանակաշրջանի հիմքն է: