Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Նելլի Երեմյանի հեղինակած էսսեին:
Ես Նելլի Երեմյանն եմ, ծնվել և մեծացել եմ Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում։ Մասնագիտություն ընտրելու հարցում շատ փոփոխական եմ եղել։ Երբ եկավ մասնագիտության մասին լուրջ մտածելու ժամանակը, արդեն կողմնորոշվել էի, սակայն ինչպես ասում են մեկ֊մեկ հանգամանքները ուժեղ են մեզնից։ Ուզում եմ ծանոթացնել ձեզ իմ պատմությանը․․․
Հենց սկզբից մտադրություն եմ ունեցել սովորել Երևանում, սակայն դեռ չորոշած, թե որ համալսարանում եմ ուզում սովորել, արդեն իսկ սկսվեցին հետևյալ խոսակցությունները՝ «Հայաստանում սովորես՝ ի՞նչ ես անելու», «Հայաստանում սովորողը Վրաստանում աշխատանք չի գտնի», «միայն տարի ես կորցնելու» ու հենց այսպես էլ երազանք մնաց Երևանում սովորելը և ինչն ամենակարևորն է, երազանք մնաց այն մասնագիտությունը, որը համարում էի իմը՝ «պլաստիկ վիրաբուժություն»։
Այս տարի ավարտում եմ համալսարանը ու այնքան էլ համաձայն չեմ այն կարծիքին, որ Հայաստանում սովորելով՝ չեն կարող աշխատանք գտնել Վրաստանում։ Երբեք ուշ չէ պետական լեզուն սովորելու համար։ Ես ինքս ունեմ շատ ծանոթներ, ովքեր սովորել են Հայաստանում, վերադառնալով Վրաստան՝ սովորում են վրացերենը և աշխատում են այստեղ։
2018 թվականին ավարտելով Աբուլի հանրային դպրոցը՝ ընդունվեցի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարան՝ անվճար, ինչպես ուսանողներս ենք անվանում «0 կուրս», որը մեծ մարտահրավեր էր բոլորիս համար։ Չիմանալով վրացերեն լեզուն, սովորում էինք։
Սկզբնական շրջանում դասապրոցեսի 80 տոկոսն անհասկանալի էր մեզ համար ու, կարծում եմ, բոլորիս մտքով էլ գոնե մեկ անգամ անցել է չշարունակել ուսումը։ Ես ինքս էլ մտածել եմ ուսումը չշարունակելու մասին, բայց այդ քայլից հետ էր պահում միայն ընտանիքիս անդամների ցանկությունը, որ սովորեի Թբիլիսիում, մյուս կողմից էլ այն, որ անվճար էի ընդունվել։ Նախապատրաստական կուրսը բարեհաջող ավարտելուց հետո ընտրեցի տուրիզմի բաժինը։ Հիմա կզարմանաք ի՞նչ կապ ունեն իրար հետ տուրիզմն ու վիրաբուժությունը։ Տուրիզմն ընտրել եմ նրա համար, որ մյուս մասնագիտությունների համեմատ քիչ, թե շատ համապատասխանում է իմ նախասիրություններին։
Առաջին կուրսում, երբ արդեն վրացիների հետ էինք սովորում, քիչ֊քիչ հասկանում էինք լեզուն։ Հետո սկսվեց համավարակը ու վերադառնալով հետ՝ Ախալքալաք, սկսվեց ավելի բարդ շրջան՝ առցանց ուսուցումը, որին հարմարվելն այնքան էլ հեշտ չէր։ Եվ եկավ այն շրջանը, երբ բոլորը սկսեցին աշխատանք փնտրել, մի մասը գտավ, իսկ մյուս մասը՝ ոչ։ Ցավոք, ես էլ չգտնողների ցանկում էի։
Համավարակի ընթացքում երկուսուկես տարի սովորել ենք առցանց։ Ճիշտ է ամեն կերպ փորձում էինք լիարժեք կրթություն ստանալ, բայց մեկ է առցանց կրթությունը լիարժեք չի կարող լինել։ Այդ ընթացքում փորձել եմ գտնել աշխատանք և համատեղել ուսման հետ, սակայն չստացվեց, ես հիասթափված այլևս չէի էլ ուզում նորից փորձել։
Այդ անհաջող փորձերից հետո որոշեցի մասնակցել ուսուցիչների քննություններին՝ ուսուցչի աստիճան ստանալու համար։ Համալսարանական քննությունների հետ մեկտեղ սկսեցի պատրաստվել նաև առարկայական քննության։ Ընտրել էի բնագիտություն առարկան։ Բնագիտություն առարկայից հավաքեցի 29 միավոր՝ 7 կրեդիտ, որը, ինչպես հետագայում իմացա, բավարար չէր։ Ինքս ինձ խոստացա՝ մյուս տարի ավելի լավ կպարապեմ և կհանձնեմ քննությունը։ Սա այն շրջանն էր, երբ ոչինչ չէր ստացվում ինձ մոտ և այս ամենն ավելի էր ինձ համոզում, որ ես իմ տեղում չեմ։
Համավարակի ավարտից հետո վերադառնալով Թբիլիսի՝ ընդունվեցի աշխատանքի սուպերմարկետում, ուզում էի ինչ֊որ կերպ օգնել ծնողներիս ու հոգալ իմ ծախսերը։ Միակ աշխատանքն է, որը ուսանողը կարող է համատեղել ուսման հետ։ Սակայն շուտով հեռացա աշխատանքից՝ դժվար լինելու պատճառով, բայց այդ շրջանում այլևս չկար լեզվի խնդիր, կարողանում էի նորմալ շփվել մարդկանց հետ վրացերենով։
Երբ սկսվեց 4֊րդ կուրսի 2֊րդ կիսամյակը, իմացա մի նոր նախագծի մասին ու որոշեցի մասնակցել։ Այն ամենևին էլ չի վերաբերում իմ մասնագիտությանը, սակայն որոշեցի փորձել ուժերս։ «Երկլեզու ուսուցում» այսպես է կոչվում ծրագիրը, որը պահանջում է հայերենի հետ միասին սովորեցնել նաև վրացերեն տվյալ առարկան՝ 1֊6-րդ դասարաններում։ Ծրագիրը ներառում էր չորս առարկա, կրկին ընտրեցի բնագիտությունը։ Երկու ամսվա ընթացքում մասնակցեցի վերապատրաստման, որոնք բավականին բարդ էին։
Ու քրտնաջան աշխատանքից հետո ստացա ցանկալի արդյունքը։ Հաղորդագրություն եկավ, որտեղ ինձ շնորհավորում էին, արդեն ընտրվել էի որպես բնագիտության ուսուցչուհի։ Սա իմ կյանքում ամենամեծ ձեռքբերումն էր, սակայն չեմ պատրաստվում կանգ առնել այս կետի վրա։
Ճիշտ է, բժիշկ դառնալու ցանկությունս մնաց երազանք, բայց պատրաստ եմ պայքարել նրա համար, որ աշխատեմ իմ մասնագիտությունով։ Համարում եմ, որ այն աշխատանքը, որը պետք է կատարեմ, պակաս կարևոր չէ, քանի որ երեխաները պետք է փոքր տարիքից ավելի շատ կիրառեն պետական լեզուն, որպեսզի մեզ նման բարդությունների չհանդիպեն։ Ես այս աշխատանքը կկատարեմ շատ մեծ պատասխանատվությամբ ու կշարժվեմ առաջ՝ ամենուր դրականը տեսնելով։
Իսկ ընթերցողին եթե ապագա ուսանող է, խորհուրդ եմ տալիս լսել միայն սրտին, դուք գիտեք, թե ինչ եք ուզում սովորել, միայն դուք։ Ընտրեք ձեր սրտի մասնագիտությունը ու սովորեք սիրով։ Մասնագիտության մեջ այլընտրանք չկա, ընտրեք այն, որը դուք եք ցանկանում։
Հեղինակ՝ Նելլի Երեմյան, 22 տարեկան
Ախալքալաք, գ․ Աբուլ
Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքներին։