«Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը». Տիրուն Բիչախչյան

Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Տիրուն Բիչախչյանի հեղինակած էսսեին:

Ինչպես ցանկացած կարիերա ստեղծող մարդ, այդպես էլ ես ունեմ իմ հետաքրքիր պատմություններն ուսմանս և աշխատանքիս հետ  կապված, որոնց մասին մեկ առ մեկ  կխոսեմ հենց հիմա։

Նախ և առաջ ուզում եմ պատմել այն մասին, որ դպրոցն ավարտելը և համալսարան ընդունվելս համապատասխանում էր ճիշտ այն ժամանակներին (2021թ․), երբ ամբողջ աշխարհում տարածված էր չարաբաստիկ Covid-19-ը, որը ինքնին համարվում էր անհաջողության գրավական, քանի որ կար այն մտավախությունը, որ համալսարանում սովորելը սկսելու էի առցանց՝ տանը նստած։

Այդ միտքը ամիսներ շարունակ հանգիստ չէր տալիս, որովհետև տարիներով երազած ուսանողությունս անցնելու էր տանը՝ համակարգչի դիմաց։ Դե ինչ, մտավախությունս անտեղի չէր․ ամեն ինչ եղավ հենց իմ պատկերացրածի նման։

«1+4» ծրագրով ընդունվեցի Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան, որը գտնվում է Վրաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Քութայիսիում։ Ե՛վ այս քաղաքը, և՛ համալսարանը համարվում է մեր ընտանիքի հաջողությունների կարևորագույն ուղին, որովհետև այս համալսարանն ավարտելով են իրենց հաջողությունները գտել  քույրս ու եղբայրս, իսկ հիմա հերթը հասել է ինձ, որ ես էլ արժանավայել ձևով ավարտեմ ուսումս։

Ամենահետաքրքիր և միևնույն ժամանակ ամենադժվար փուլը սկսվեց նախապատրաստական կուրսում, որտեղ սովորում էր 30 ուսանող ու միակ հայը ես էի։ Այն ուներ իր դժվար և օգտակար կողմերը։ Այնտեղ կարելի է ասել ես մենակ էի, չնայած նրան, որ ունեի շատ լավ ու բարի կուրսեցիներ, ովքեր միշտ փորձում էին այնպես անել, որ ես ինձ մենակ չզգայի, բայց միևնույնն է հոգուս խորքում ամն ինչ խառն էր։

Պատկերացրեք՝ ազատ ժամերին 29 ուսանող խոսում էր ինձ համար լրիվ օտար լեզվով, որը  ես ընդհանրապես չէի հասկանում, բայց միևնույնն է հայ լինելու հպարտությունը «ուսերիս շալակած» ես ինձ այնտեղ զգում էի լիարժեք ու գրեթե բոլորը կարծում էին, որ ես իրենց հասկանում էի, բայց դա այդքան էլ այդպես չէր։ Այս ամենի դրական կողմն այն էր, որ ես խոսում էի միայն վրացերենով, որի արդյունքում կարճ ժամանակ անց սահուն խոսել սկսեցի պետական լեզվով, ինչը ինձ կանգնեցրեց կարևոր ուղու վրա։ Ես սկսեցի զբաղվել թարգմանչությամբ, հայ գրականության «գոհարները» սկսեցի թարգմանել վրացերենով և ներկայացնել վրաց և այլ ազգի ընթերցասեր ուսանողներին։

Այժմ համալսարանում ինձ շատերը ճանաչում են որպես թարգմանիչ և հույսեր են կապում, որ ապագայում ևս շարունակելու եմ իմ գործունեությունը, իհարկե սա շատ ոգովորիչ, բայց միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է, քանի որ ես պարտավոր եմ տարիներ անց ձեռք բերել այդ կոչումը և հուսախաբ չանել ինձ վստահողներին։

Նախապատրաստական փուլը այսպես վերջացնելուց հետո ընտրեցի անգլերենի բանասիրության մասնագիտությունը, որի մասին մտածել էի բավական երկար։ Հաջողությունս շարունակվեց առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, երբ սկսեցի աշխատել, իսկ թե ինչպես ձեռք բերեցի աշխատանք, կասեմ հենց հիմա։ Մի սովորական օր էր, տուն էի գնում, երբ ստացա հեռախոսազանգ, որը ես երբեք չեմ մոռանա, քանի որ այդ զանգն իմ կյանքում վճռական դեր ունեցավ։ Ոչ ֆորմալ կրթական կազմակերպությունում (Battle of Brains) անհրաժեշտ էր հայերենին լավ տիրապետող աշխատող, որպեսզի ծրագրում ընդգրկվեին նաև հայալեզու դպրոցները։

Իմ մասին տեղեկացել էին ընկերուհուցս, ում հետ սովորում էի նախապատրաստական կուրսում։ Հրավիրեցին հարցազրույցի և անմիջապես ընդունեցին աշխատանքի որպես Սամցխե-Ջավախեթիի հայալեզու դպրոցների մենեջեր, ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ չհասկացա թե ինչպես սկսեցի աշխատել։ Հիմնական գործս թարգմանություններ էին հայալեզու դպրոցների համար և այդ դպրոցներում վարել ինտելեկտուալ խաղեր։ Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր, որովհետև հայալեզու դպրոցներից ոչ մեկը չգիտեր այս կազմակերպության մասին և երբ զանգում ու տեղեկացնում էի, շատերը չէին ցանկանում մասնակցել մեր կողմից կազմակերպած հիշյալ խաղերին։

Ցավալին այն էր, որ կտրուկ բացասական պատասխան ստանում էի հենց այն դպրոցներից, որտեղից մեծ ակնկալիքներ ունեի, բայց այդ բացասական պատասխաններն ինձ՝ անկոտրուն տեսակիս չխանգարեցին․ հաջողության հասնել փորձեցի այլ դպրոցներում, ինչը լիարժեք ստացվեց։ Կարճ ժամանակ անց հայտնվեցին դպրոցի ներկայացուցիչներ, ովքեր առաջին իսկ զանգից համաձայնվեցին, ինչը ինձ ոգևորեց և ես սկսեցի առանց վարանելու աշխատել ու գնալ առաջ։

Բոլոր խոչընդոտները հաղթահարելով հասա հաջողության, իրականացրի մեր կազմակերպության սպասելիքները, ինչը իմ աշխատանքի գործունեության նպատակն էր։ Հիմա ես  համագործակցում եմ Մառնեուլիի և Սամցխե-Ջավախեթիի հայալեզու դպրոցների հետ, ունեմ շատ ծանոթ և արդեն հարազատ դարձած ուսուցիչներ ու մասնակիցներ։ Փաստորեն, նպատակներն իրականանալու հակում ունեն, այսօր շատերը գիտեն «Battle of Brains»-ի ընկեր Տիրունի մասին։

Իմ կոչն է բոլորին՝ չվախենալ կյանքի անհաջողություններից, չտրվել զգացմունքենրին․ դրանք հաճախ հուսախաբ անելու հակում ունեն, իսկ անհաջողությունները՝ առաջ քայլելու։

Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան, 20 տարեկան

Նինոծմինդա, գ․ Փոքր Գոնդուրա

Քութայիսիի Ա․ Ծերեթելիի անվան համալսարանի ուսանող

Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքների հետ։