Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին լրագրողները խնդրել են գնահատել Վրաստանի Բաթումիի նավահանգիստ ռուսական ASTORIA GRANDE զբոսանավի ժամանման առթիվ կազմակերպված ակցիան, որին ի պատասխան դեսպանը նշել է, որ այդ քայլով Վրաստանի քաղաքացիները հասկացրել են, որ չեն ողջունում մարդկանց ժամանումն այն երկրից, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը:
«Կարևոր չէ, թե ես ինչ եմ մտածում, կարևորը վրաց ժողովրդի կարծիքն է, որը ցույց է տալիս, որ ոչ ոք չպետք է ակնկալի ընդունել մարդկանց մի երկրից, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։
Ոչ ոք չպետք է ակնկալի, որ վրացիները կընդունեն այդ երկրի մարդկանց. կապ չունի՝ նրանք ցամաքով են գալիս, թե ծովով։ Իմ կարծիքով, վրաց ժողովուրդը շատ հստակ ցույց է տալիս, որ դա չի ուզում։ Նրանք օգտվում են սահմանադրությամբ պաշտպանված իրենց իրավունքից՝ արտահայտելու իրենց կարծիքը և բողոքելու»,- ասել է դեսպանը։
Ի դեպ, Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությանը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:
Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։