Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում գրառում է կատարել, ըստ որի` որոշել է Սոփո Ճկղոնիայի հետ ստեղծել Ուկրաինայի օկուպացված տարածքներում անհետ կորած և միայնակ մնացած երեխաների, առևանգման զոհերի, զոհված զինվորների երեխաների բժշկական և մարդասիրական օգնության միջազգային ծրագիր/նախաձեռնություն:
Սաակաշվիլին կոչ է անում իր բոլոր կողմնակիցներին Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում ներգրավվել այս գործին, օգնել տեղեկություններ հավաքել և բացահայտել երեխաներին։
«Առնվազն 15 հազար նման ուկրաինացի երեխա առևանգվել է Ուկրաինայի օկուպացված տարածքներից, բռնի կերպով որդեգրվել է օկուպացիոն երկրի ընտանիքներում և տեղավորվել մանկատներում, այս պատերազմն արդեն սպանել է 535 երեխայի, բազմաթիվ երեխաների ծնողներ սպանվել են, բայց նրանց փնտրում են հարազատներն ու ուկրաինական պետությունը:
Անգամ իմ վատառողջության պայմաններում ես հատկապես զգում եմ երեխաների ողբերգությունը որպես ծնող և որպես Ուկրաինայի վրացի քաղաքացի։
Սոփո Ճկղոնիան մարդասիրական աշխատանքի մեծ փորձ ունի, ես խնդրում եմ իմ բոլոր համախոհներին Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում` ներգրավվել այս գործին, օգնել մեզ տեղեկություններ հավաքել և բացահայտել երեխաներին»,- գրել է Սաակաշվիլին: