Թբիլիսիի Ախմետելիի թատրոնում կայացել է թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի վերջին սցերնարի հիմա վրա բեմադրված «Խոստովանություն» թատերական ներկայացման փակ ցուցադրությունը:
Բեմադրության ռեժիսորը Իրակլի Գոգիան է, նկարիչները՝ Իրենա Օգանջանովան, Գիորգի Կաուլաշվիլին: Դերասանական կազմում էին Գիորգի Գասվիանին, Նինո Ցիմակուրիձեն, Էլենե Բեժիաշվիլին, Գիորգի Փիրանիշվիլին, Բորիս Ղլոնտին, Ջորջ Դվալիշվիլին և Անանո Գուլեդանին:
Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին: 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանություն» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ` չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումները: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված էր, երբ որոշեց տեղափոխվել Հայաստան:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին: