Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր, վերջին 17 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության 2 564 քաղաքացու շնորհվել է Վրաստանի քաղաքացիություն. սրա մասին է վկայում Վրաստանի նախագահականից՝ ի պատասխան խորհրդարանի պատգամավոր Լևան Բեժաշվիլիի խորհրդարանական հարցի, տրամադրված տեղեկությունը։
Ըստ տեղեկության՝ վերականգնվել է 3 071 մարդու Վրաստանի քաղաքացիությունը:
Նախագահականի տվյալներով, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի նախագահը բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Ռուսաստանի Դաշնության 2 564 քաղաքացու։
«Նրանցից 2 530-ը ծագումով Վրաստանից են, 23-ը Վրաստանի քաղաքացիների ընտանիքի անդամներ են, իսկ 11-ը հաջողակ են սպորտի, գիտության և/կամ արվեստի ոլորտում ու ցանկանում են շարունակել աշխատել Վրաստանի անունից։
Տեղեկացնենք նաև, որ նույն ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է տրվել 5 անձի՝ սովորական ընթացակարգով, 15 անձի՝ պարզեցված ընթացակարգով, 8 անձի՝ հատուկ ընթացակարգով։ Նաև վերականգնվել է Վրաստանի նախկին 3 071 քաղաքացիների Վրաստանի քաղաքացիությունը, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու ժամանակավոր իրավունքի օգտագործման հիման վրա՝ Վրաստանի նախկին 3 034 քաղաքացիների քաղաքացիությունը»,- նշված է տեղեկատվության մեջ։