Վրաստանում ԱՄՆ դեսպանատան պնդմամբ՝ վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ «Սաակաշվիլիի լոբբինգի» մասին ապատեղեկատվության խնդրով կապվել են վրացական կողմի հետ ինչպես Վրաստանում, այնպես էլ Վաշինգտոնում։
Դեսպանատունը նշել է, որ ապատեղեկատվություն են տարածել թե՛ քաղաքական գործիչները, թե՛ լրատվամիջոցները։
«Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը ոչ ոք չի մասնակցել նախկին նախագահ Սաակաշվիլիի լոբբինգին, ոչ էլ օգնել է նրա լոբբիստներին որևէ հանդիպում ծրագրելիս: Վնասակար տեղեկությունը, որը պնդում է կամ ենթադրում է, թե դեսպանատան աշխատակիցները գումար են ստացել լոբբիստական ընկերություններից, միանշանակ սուտ է և անպատասխանատու»,- գրված է հայտարարության մեջ։
Ի դեպ, վերջին օրերին Վրաստանի իշխող կուսակցության անդամները և նրանց հավատարիմ հեռուստաալիքները մեղադրանքներ են հնչեցրել, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը ներգրավված է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի լոբբինգի գործում։ Մեղադրանքներն սկսեցին հնչել այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը (FARA) հրապարակեց Վրաստանի բանտարկված երրորդ նախագահի մասին փաստաթղթերը։