Երեկվա օրը համառոտ. հուլիսի 26

Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է:

Իռլանդիայի երեխաների, իրավահավասարության, հաշմանդամների, ինտեգրման և երիտասարդության դեպարտամենտի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ Իռլանդիայում ապաստան հայցողների թվով առաջին տեղում են Վրաստանի քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵ) փոխանցմամբ՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Բագրատաշեն-Սադախլո անցակետ-խմբ.) ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է։

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի փակում առայժմ չի նախատեսվում, վերջինս սովորականի պես կսպասարկի ուղևորներին:

Հուլիսի 28-ից 70 հոգու համար նախատեսված մարդատար օդանավը ամենօրյա կանոնավոր չվերթեր կիրականացնի Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ։

Գուրջաանիի շրջանային դատարանում կայացել է մայիսի 20-ին Kvareli Lake Resort հյուրանոցի հարևանությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Վրաստան ժամանելու դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների դատական ​​նիստը:

Վրաստանյան BusinessPressNews-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական China Global Television Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը վրացական նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորության հետ մեկտեղ և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:

Ռուսաստանի Սոչի քաղաքից դուրս եկած ASTORIA GRANDE զբոսանավը հուլիսի 27-ին կմտնի Վրաստանի Բաթումի քաղաք։