Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵ) փոխանցմամբ՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Բագրատաշեն-Սադախլո անցակետ-խմբ.) ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է։
Նշվում է, որ հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։
Հիմնանորոգման արդյունքում, Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողությունը կրճատվել է 11 րոպեով։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների նախագիծը մեկնարկել է 2016 թվականի հուլիսից՝ Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։
«Միջպետական նշանակության այս ճանապարհն ապահովում է Հայաստանի ցամաքային կապը հարևան Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, ինչպես նաև ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ։ Այս ճանապարհային ենթակառուցվածքի շնորհիվ եվրոպական չափանիշներին համապատասխան բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կիրականացվեն՝ զարկ տալով պետության տնտեսության աճին, իսկ տեղական մակարդակում՝ առավել բարեկեցիկ դարձնելով մարզի բնակչության կենսակերպը»,- ընդգծել է նախարարը։