Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն «Հաղթանակի պլատֆորմի» շրջանակներում քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ուզում եմ Իվանիշվիլիին և ռուսական խմբին, որն այսօր իշխանության ղեկին է, ասել՝ չեք կարող հաղթել Վրաստանին»:
Վաշաձեն ասել է` ուժեղ Վրաստան ունենալու գաղափարով տոգորված, բոլորը պետք է միավորվեն։
«Դուք երբեք չեք կարող այս երկիրը ծնկի բերել, քանի որ վրաց ժողովուրդն արժանի ժողովուրդ է, արժանապատիվ մարդկանց խումբ, որը մեծ հաղթանակի կհասնի»,- դիմել է Վաշաձեն կառավարության ներկայացուցիչներին։
Ըստ Վաշաձեի՝ Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի-Կոբախիձե խումբը ցանկանում է մարդկանց մղել դեպի ճահիճ։
«Մենք ցանկանում ենք բարություն, հաղթանակ և հաջողություն բերել Վրաստանին։ Վրաստանը պետք է լինի առաջատար երկիրը տարածաշրջանում, և մենք դա անպայման կանենք բոլոր այն հայրենասեր վրացիների հետ, որոնք հիմա արյունաքամ են և ուզում են կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Մեր հիմնական ճանապարհն ու ռազմավարությունը ձեզ հետ այս պայքարում հնարավորինս շատ հայրենասերների ներգրավելն է»,- ասել է Վաշաձեն։