«Transparency Internatioanal- Վրաստան» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը հետաքննել Ախալքալաքում գործող «Վեմ» և «Գոլդ 777» ՍՊԸ-ների պետական գնումները Ախալքալաքի քաղաքապետարանից՝ պարզելու արդյո՞ք հնարավոր կոռուպցիոն գործարքներ են եղել։
«Ախալքալաքի նախկին ավագ ոստիկան, «Վրացական երազանք»-ի դոնոր Խաչիկ Մոսոյանի ընկերությունները 2014-2022 թվականներին 49 պետական գնումների միջոցով ստացել են 2 մլն 687 հազար 008 լարի։ Դրանից 1 մլն 928 հազար 488 լարին (71,7%) գանձվել է Ախալքալաքի քաղաքապետարանից, որտեղ նրա խնամին 6 տարի ղեկավարել է իրավաբանական ծառայությունը», — փոխանցում է «Transparency Internatioanal- Վրաստան»-ը։
2021 թվականի օգոստոսի 12-ին Խաչիկ Մոսոյանը 5000 լարի է մուտքագրել իշխող կուսակցության հաշվեհամարին։
ՀԿ-ի փոխանցմամբ, Խաչիկ Մոսոյանը 2013-2014 թվականներին եղել է Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի շրջանային բաժնի պետը, իսկ 2018-2019 թվականներին զբաղեցրել է Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության շրջանային տեսուչների բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Խաչիկ Մոսոյանի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ընկերությունները՝ «Վեմ» և «Գոլդ 777» ՍՊԸ-ները, պետական գնումներ են ստանում։