Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ լեհ բժիշկներից մեկը փորձել է անօրինական կերպով հանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անալիզների նմուշները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Նրանց արտասովոր և կասկածելի պահվածքից հետո, մենք ցանկություն չունենք շարունակելու համագործակցությունը»,- ասել է վարչապետը։
Նա նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիի ընտանիքին Վրաստանի իշխանությունների առաջարկը՝ երկիր հրավիրել ցանկացած օտարերկրյա բժշկի, մնում է ուժի մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն, լեհ բժիշկը փորձել է գաղտնի՝ կոշիկի մեջ թաքցնելով, հիվանդանոցից հանել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշները: ՀՔԾ-ն հրապարակել է նաև համապատասխան տեսագրությունները։
Դեպքի առթիվ Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Պիետր Ժակը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)՝ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ տալու նպատակով:
Դեսպանն ԱԳՆ չի ժամանել, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկության, ներկայումս գտնվում է Լեհաստանում։