Թարմացում. Հաղորդագրության հրապարակման հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումը խմբագրել է: Գործակալության հրապարակման մեջ այժմ նշված է՝
«Գործակալության նախագահը Գարեգին երկրորդին ծանոթացրել է վրացական կողմի դիրքորոշման հետ՝ Վրաստանի եկեղեցին ՀՀ-ում գրանցելու մասին: Կողմերը խոսել են մշակույթի հուշարձանների մասին»:
Ֆեյսբուքյան հրապարակման մեջ փոփոխությունը կարելի է տեսնել այստեղ:
Հայաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին է ներկայացրել վրացական կողմի հետևյալ պահանջները` գրանցել ՀՀ տարածքում գտնվող վրացական եկեղեցիները և վերադարձնել պաշտամունքային կառույցները։
Այս տեղեկությունը փոխանցել է Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալությունը` նշելով․ «Վաշակմաձեն Գարեգին Երկրորդին ներկայացրել է վրացական կողմի պահանջները՝ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի եկեղեցիների գրանցում և պաշտամունքային կառույցների վերադարձ»։
Հանդիպման ընթացքում Վաշակմաձեն Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքին ներկայացրել է Վրաստանի կրոնական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Նրա խոսքով՝ պետությունն աջակցում է կրոնական կազմակերպություններին, այդ թվում՝ ֆինանսապես։
«Խորհրդային տարիներին պատճառված նյութական և բարոյական վնասի փոխհատուցումից բացի, քաղաքապետարանները ևս օգնում են կրոնական կազմակերպություններին։ Մասնավորապես, հայ համայնքի ֆինանսավորումը հասել է մեկ միլիոն լարիի։ Վիրահայոց թեմն ակտիվորեն մասնակցում է Միջկրոնական խորհրդի աշխատանքներին», — նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, որտեղ ընդգծված է, որ Հայրապետն իր գնահատանքն է փոխանցել վրաց իշխանություններին` տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար․
«Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը։ Իր հերթին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը Ամենայն Հայոց Հայրապետին մանրամասն տեղեկություններ փոխանցեց երկրում առկա կրոնական խճապատկերի և կրոնական կազմակերպությունների ու ավանդական Եկեղեցիների նկատմամբ տարվող պետական քաղաքականության մասին», — ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։
Վերոնշյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում արծարծվել են Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, Հայոց և Վրաց Եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր, սակայն վրացական կողմի ներկայացրած պահանջների մասին ոչ մի խոսք չկա, և անորոշ է մնում` իսկ հայկական կողմը նույն պահանջները ներկայացրե՞լ է, քանի որ գաղտնիք չէ, որ Վրաստանում նույնպես կան հայկական եկեղեցիներ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին, իսկ պատվիրակության կազմում նրանց ուղեկցել են Ռազմավարական հետազոտությունների, վերլուծությունների և տարածաշրջանների ծառայության վերլուծաբան Գիորգի Պատաշուրին և Իրավական ապահովման ծառայության իրավաբան Ալեքսանդրե Շեկղիլաձեն։