Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է Միասնական ազգային քննությունների ժամանակ գործածված ընդհանուր ունակությունների թեստերը։
Նշենք, որ Միասնական ազգային քննությունների «ընդհանուր ունակություններ» առարկայի քննությունը տեղի ունեցավ երեկ՝ հուլիսի 18-ին։
«Ընդհանուր ունակություններ» առարկան հանձնում են երկու լեզվով՝ հայերեն և ադրբեջաներեն։ Առարկան հանձնում են ոչ վրացալեզու դպրոցների շրջանավարտները «1+4» (Վրաց լեզվի նախապատրաստական կուրս և բակալավրիատ) ծրագրի միջոցով Վրաստանի պետական բուհեր ընդունվելու համար։
Հարկ է նշել, որ այս տարի ողջ Վրաստանում գործում է 24 քննական կենտրոն՝ Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Փոթիում, Ախալցիխեում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում և Խուլոյում։ Այս տարի առաջին անգամ քննական կենտրոն է բացվել նաև Ամբրոլաուրիում։
2023 թվականին քննական կենտրոնները կընդունեն, ընդհանուր առմամբ, ավելի քան 75 հազար դիմորդների, ուսանողական դրամաշնորհային մրցույթի մասնակիցների, մագիստրատուրայի թեկնածուների, ուսուցիչների ու մանկավարժների կարգավիճակը բարելավելու ցանկություն ունեցողների: