IMF-ն հետաձգել է Վրաստանին աջակցող ծրագրի հաստատումը

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) Վրաստանի աջակցության ծրագրի երկրորդ տրանշի ներկայացումը տնօրենների խորհրդին և, համապատասխանաբար` դրա հաստատումը «հետաձգել է»։

Վրաստանի կառավարությունը և IMF-ն համաձայնեցրել են Աջակցության ծրագիրը (Stand-by Arrangement)  2022 թվականի ապրիլին: Եռամյա ծրագրով նախատեսված էր 289 մլն դոլարի հատկացում՝ վարկի ձևով։ Տրանշի առաջին մասը՝ 40 մլն-ը, արդեն օգտագործվել է։

2023 թվականի մայիսին բանակցություններ են վարվել երկրորդ տրանշի հատկացման շուրջ։ Այս բանակցությունների ընթացքում Վրաստանի իշխանությունները և IMF առաքելությունը պայմանավորվել են ավարտել ընթացիկ ծրագրի երկրորդ վերանայումը տեխնիկական մակարդակով:

IMF-ի գործադիր տնօրենների խորհուրդը պետք է վերջնական որոշումն ընդուներ հունիսին։ Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունը՝ Fitch Ratings-ը, հուլիսի 14-ի իր վերջին զեկույցում գրել է, որ «կարծես թե երկրորդ վերանայման ավարտը հետաձգվել է»։

Տնտեսական հարցերով աշխատող BMG լրատվական գործակալությունը գրել է, որ IMF-ն հաստատել է, որ «վերանայումը հետաձգվել է, և բանակցությունները շարունակվում են», թեև չեն նշել հետաձգման պատճառը։