Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Վիլնյուս։
Գագաթնաժողովի շրջանակներում նախարարը հանդիպել է իր լիտվացի գործընկերոջ՝ Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Լանդսբերգիսին գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար։
Ընդգծվել է նաև ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովին Վրաստանի մասնակցության և Լիտվայի աջակցության կարևորությունը։
«Նա նշեց, որ գագաթնաժողովը արդյունավետ կլինի ինչպես ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման, այնպես էլ դաշինքի կողմից Վրաստանին ամուր աջակցություն հայտնելու առումով։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հաջող համագործակցությանը և գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման առկա ներուժին։ Ընդգծվել են Վրաստանի ձեռնարկած կարևոր քայլերը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ Դարչիաշվիլիի և Լանսբերգիսի զրույցի ընթացքում շոշափվել են Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ Վրաստանի ձեռնարկած քայլերը և 12 հանձնարարականների կատարման ներկայիս առաջընթացը։
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրին և Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակին։
Նախարարները նշել են երկու երկրների միջև բարձր մակարդակի կապերի ամրապնդման և այցելությունների ակտիվացման կարևորությունը։