Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ֆրանկոֆոնիայի վեհաժողովում իր ողջույնի խոսքում նշել է, որ Վրաստանը կանգնած է աշխարհաքաղաքական մի շարք մարտահրավերների առաջ։ Նրա պարզաբանմամբ, սակայն, երկրի իշխանություններն ամեն ինչ անում են խոհեմ քայլերով հաղթահարելու դժվարին փուլը՝ պահպանելով խաղաղությունը Վրաստանում։
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ Վրաստանը կստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։
«Անկախության վերականգնման առաջին իսկ տարվանից Վրաստանի նպատակը եվրաինտեգրումն է, մենք մեծ ուժով և եռանդով ենք գնում այս ճանապարհով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը հավելել է՝ այս փուլում Թբիլիսին սպասում է Եվրահանձնաժողովի որոշմանը Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ․ «Մենք անում ենք ամեն ինչ՝ լիովին կատարելու Եվրահանձնաժողովի կողմից տրված հանձնարարականները։ Հուսով ենք, որ կստանանք այս կարգավիճակը, Վրաստանը կմիանա եվրոպական ընտանիքին»։
Նշենք, որ այսօր պաշտոնապես բացվել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 48-րդ նստաշրջանը։ Վրաստանն առաջին անգամ է հյուրընկալում այն։ 2004 թվականից Վրաստանն անմիջականորեն ներգրավված է Վեհաժողովի գործունեության մեջ որպես դիտորդ։ 2021 թվականին Վրաստանի խորհրդարանը պաշտոնական նամակ է ուղարկել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին՝ ասոցացված անդամակցության վերաբերյալ։ Հենց 48-րդ նստաշրջանում որոշում կկայացվի Վրաստանի ասոցացված անդամակցության վերաբերյալ։
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդատվական, խորհրդարանական մարմին է։ Ներկայումս այն ունի 91 անդամ, 56-ը՝ լրիվ իրավունքներով, 17-ը՝ ասոցացված, 18-ը՝ դիտորդի կարգավիճակով։