Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նիստում՝ հայտարարել է, որ վրաց ժողովուրդն իր ապագան տեսնում է միայն Եվրոպայի հետ, Եվրոպայում և երբևէ չի շեղվել այդ ընտրությունից։
«Վրաստանը, որը հյուրընկալում է 48-րդ նստաշրջանը, հպարտ է, որ այն երկրներից մեկն է, որտեղ ֆրանսերենը, որպես մշակույթի և Եվրոպայի հանդեպ բաց լեզու, կարևոր դեր է խաղացել։
Խորհրդային Միության փակ տարածքում ռուսերենը մեզ պարտադրվեց որպես հաղորդակցության գլխավոր լեզու։ Վերադարձը դեպի ազատություն և անկախություն համընկավ նոր տարածքների բացման, նոր կազմակերպությունների մուտքի հետ, որտեղ անգլերենն այսօր հաղորդակցության հիմնական, թեև ոչ միակ լեզուն է այս գլոբալացված աշխարհում: Այնուամենայնիվ, ֆրանսերենը պահպանում է իր ուրույն, առանձնահատուկ տեղը որպես մշակույթի լեզու․․․»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է քննարկումների ֆորում, որտեղ անդամները հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում։ Այն մասնակցում է ֆրանսախոս երկրների ինստիտուցիոնալ կյանքին, եզրակացություններ և առաջարկություններ է կազմում ֆրանսախոս երկրների նախարարների և ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունների, ֆրանսերեն լեզուն օգտագործող պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։