Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) 2022 թվականի զեկույցում, որը ներառում է նաև անդրադարձ Վրաստանից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի մասին, հարցերից մեկը, որի վրա կենտրոնանում է ՊԱԾ-ը՝ Աբխազիայում հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեության սահմանափակումն է։
Նշվում է, որ 2022 թվականին շարունակվել է վտանգավոր միտումը, որի շրջանակներում Աբխազիայի օկուպացիոն ռեժիմը մեղադրել է միջազգային կազմակերպություններին և ոչ կառավարական հատվածին՝ Թբիլիսիի շահերի օգտին աշխատելու համար։
«Օկուպացված Աբխազիայում գործող միջազգային կազմակերպություններին արգելվել է անցկացնել «հասարակական կարծիքի հարցումներ», ժողովուրդների միջև երկխոսություն և այլ տեսակի մարդասիրական նախագծեր, որոնք, ըստ օկուպացիոն ռեժիմի սահմանման՝ ուղղված են օկուպացված շրջանի բնակչությանը մոլորեցնելուն»,- նշված է ՊԱԾ-ի անդրադարձի մեջ:
Ըստ ՊԱԾ-ի՝ նման անօրինական քաղաքականության նպատակն օկուպացված տարածաշրջանի մեկուսացումն է արտաքին աշխարհից:
Ի դեպ, Ռուսաստանի նախագահի վարչակազմում աշխատող Ինալ Արձինբայի Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար նշանակվելուց հետո, Աբխազիայում հասարակական կազմակերպությունների վրա ճնշումները և նրանց հասցեին սպառնալիքներն ավելացան։ Արձինբան հաճախ է խոսում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական անթափանցիկության և Աբխազիայում արևմտյան երկրների ու Վրաստանի փափուկ ուժի մասին, ինչը, ըստ նրա՝ փորձում են իրագործել հասարակական կազմակերպությունները։