Սագարեջոյում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներին ու լրագրողներին սպառնացել են քարերով ու ջրով լի շշերով։
«Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին և կուսակցության այլ ներկայացուցիչներ մեկնել են Սագարեջո՝ տեղի բնակիչների հետ զրուցելու թոշակառուների բանկային վարկերի հետ կապված խնդրի շուրջ։
Հանդիպումից առաջ իրենց «Դավիթ Գարեջիի պահակ» անվանող մարդկանց մի խումբ քարեր է նետել լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա։ Վնասվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության առնվազն մեկ տեսախցիկ։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի տեղեկություններով՝ քարերից մեկը դիպել է «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրող Իա Գուլիաշվիլիի թիկունքին։
«Դավաճաններ», «ինչպե՞ս եք համարձակվում գալ այստեղ», «պատիվ չունե՞ք», — նման բղավոցներ են լսվել ամբոխի միջից։