Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում մահացած 12-ամյա աղջկա գործով հետաքննության շրջանակներում կատարված պաշտոնեական անտարբերության փաստով։
Դատախազության փոխանցմամբ՝ հետաքննության համար հիմք է հանդիսացել Թբիլիսիի դատախազության դատախազի զեկուցագիրը, ըստ որի՝ պարզվում է, որ 12-ամյա Անի Իանուշաիտատեի մահվան դեպքի առթիվ ընթացող քննության շրջանակներում մարտի 21-ին նշանակվել է համալիր, այդ թվում՝ դատակենսաբանական փորձաքննություն, և աղջնակի դիակից վերցված նյութերն ուղարկվել են փորձաքննության։
«Փաթեթները բացելիս պարզվել է, որ հավանաբար պահպանման պայմանների խախտումն առաջացրել է հետազոտական նյութի վրա բորբոսանման ինչ-որ բան»,- հայտնել են դատախազությունից։
Ի դեպ, գործը քննվում է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է պաշտոնեական անտարբերությանը, այն է՝ պաշտոնատար անձի կամ նրան հավասարազոր անձի անզգույշ վերաբերմունքի պատճառով ծառայողական պարտականությունները չկատարելը կամ անպատշաճ կատարելը։
Դատախազությունից հայտնում են, որ նախաքննության շրջանակներում կկատարվեն բոլոր անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունները, և ամփոփ որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի։
Հուլիսի 5-ին դատախազության հայտարարությանը նախորդել էր «Վրաստանի իրավունքներ» կազմակերպության հայտարարությունը, ըստ որի` Դիդի Դիղոմիում մահացած 12-ամյա աղջկա գործով առանցքային նշանակություն ունեցող ապացույցները վնասվել են։
Մարտի 17-ին Դիդի Դիղոմիում մի քանի ժամ տևած որոնումներից հետո նույն տարածքում 12-ամյա մի աղջկա մահացած են գտել։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով` դիտավորյալ սպանություն։