Հուլիսի 3-ից Վրաստանում մեկնարկել են 2023 թվականի միասնական ազգային քննությունները. առաջինը վրաց լեզու և գրականություն առարկայի քննությունն է:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդագրությամբ՝ նախարար Գիորգի Ամիլախվարին ծանոթացել է Թբիլիսիի 175-րդ հանրակրթական դպրոցում բացված քննական կենտրոնի վրաց լեզվի և գրականության քննության ընթացքին:
«Նախարարը շրջայց է կատարել քննական կենտրոնով, հաջողություն մաղթել դիմորդներին և հույս հայտնել, որ դիմորդները կկարողանան իրենց ողջ ներուժը դրսևորել հատուկ իրենց համար ստեղծված հանգիստ և հարմարավետ ակադեմիական միջավայրում», — նշվում է նախարարության հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ այս տարի ողջ Վրաստանում գործում է 24 քննական կենտրոն՝ Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Փոթիում, Ախալցիխեում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում և Խուլոյում։ Այս տարի առաջին անգամ քննական կենտրոն է բացվել նաև Ամբրոլաուրիում։
2023 թվականին քննական կենտրոնները կընդունեն, ընդհանուր առմամբ, ավելի քան 75 հազար դիմորդների, ուսանողական դրամաշնորհային մրցույթի մասնակիցների, մագիստրատուրայի թեկնածուների, ուսուցիչների ու մանկավարժների կարգավիճակը բարելավելու ցանկություն ունեցողների: