Վրացական երկաթուղիների հաղորդագրության համաձայն՝ սողանքի պատճառով հուլիսի 3-ին չեղարկվել է 15 հիմնական և մերձքաղաքային չվերթ։ Խոսքը Խարագուլիի մունիցիպալիտետի Մարելիս գյուղի մոտ տեղի ունեցած սողանքի մասին է։
Հարկ է նշել, որ սողանքով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը ևս, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։
Հուլիսի 2-ի չվերթը նույնպես իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել են Բաթումի։
Վրաստանի երկաթուղային ադմինիստրացիան հավաստիացնում է, որ կատարվում է հնարավոր ամեն ինչ հետևանքները վերացնելու և ուղևորատար փոխադրումները վերականգնելու ուղղությամբ: Երևանից Բաթումի հաջորդ չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը հավելյալ կտեղեկացնի։ Չի բացառվում, որ մինչ այդ ուղևորափոխադրումները վերականգնվեն։