Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկության համաձայն, եկամուտների ծառայության մաքսային վարչության հետ համաձայնեցված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առանձնապես խոշոր չափերի չհայտարարագրված ապրանքների տեղափոխման երեք փաստ:
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի մաքսային սահմանին մաքսային կանոնների խախտմամբ հայտնաբերվել են ոսկյա և արծաթյա զարդեր:
«Քննությամբ պարզվել է, որ երկու դեպքում թանկարժեք մետաղից չհայտարարագրված զարդերը բեռնատարների և թեթև մեքենաների թաքստոցների միջոցով տեղափոխվել են մաքսային սահման, իսկ մեկ դեպքում՝ մեղադրյալը զարդերը տեղափոխել է մարմնին ամրացված ձևով։
Ընդհանուր առմամբ, առգրավվել է 405 գրամ ոսկի և 6 528 գրամ արծաթյա զարդեր, որոնց մաքսային ընդհանուր արժեքը կազմում է 52 հազար 968 լարի»,- հայտնել են գործակալությունից:
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։