«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) գնահատել է Վրաստանի խորհրդարանի 2022 թվականի գործունեությունը:
Ըստ TI-ի՝ 2022 թվականին խորհրդարանում ելույթի իրավունքից չի օգտվել 18 պատգամավոր, նրանց թվում՝ խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը:
ՀԿ-ի տվյալներով՝ նրանցից 10-ը խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են.
- Էլգուջա Գոցիրիձե,
- Իսկո Դասենի,
- Սումբատ Կյուրեղյան,
- Լևան Կոբիաշվիլի,
- Սամվել Մանուկյան,
- Գոգի Մեշվելիանի,
- Դիմիտրի Սամխարաձե,
- Գոդերձի Չանքսելիանի,
- Վասիլ Չիգոգիձե,
- Վիքտոր Ջափարիձե:
8-ն՝ ընդդիմության ներկայացուցիչներ են.
- Գրիգոլ Վաշաձե,
- Աբդուլլահ Իսմայիլով,
- Մանուչար Կվիրկվելիա,
- Կոբա Նակղոփիա,
- Ռամազ Նիկոլաիշվիլի,
- Բաչուկի Քարդավա,
- Ցեզար Չոչելի,
- Դիլար Խաբուլիանի:
Կազմակերպության տվյալներով, խորհրդարանի 84 պատգամավորի համար արտերկիր գործուղումների համար ծախսվել է 1 մլն 739 հազար 782 լարի 93 թեթրի։ Իսկ խորհրդարանի 25 անդամի` կարգապահական պատասխանատվության հիմքով, աշխատավարձից կրճատվել է, ընդհանուր առմամբ, 68 հազար 704 լարի 69 թեթրի։
TI-ն դրական է գնահատել հետևյալ օրենքների ընդունումը.
- գենդերային ազդեցության գնահատման ինստիտուցիոնալացում,
- ընտանեկան բռնության զոհերի համար ապաստանի նոր կանոնի ներդրում:
Դրական օրենսդրական փոփոխություններ, որոնք, ըստ ՀԿ-ի, բարելավման կարիք ունեն.
- հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծում,
- ընտրական օրենսգրքի փոփոխություններ,
- խորհրդարանական վերահսկողության բարելավում։
Բացասական են գնահատվել օրենսդրական հետևյալ փոփոխությունները.
- թաքնված քննչական գործողություններում մարդու իրավունքների մակարդակի վատթարացում,
- ատելության խոսքի իրավական կարգավորում։